Ե՞րբ է մարդն ապավինում ժամանակին: Սովորաբար` երբ սպասելիք չունի ներկայից ու հույսը ապագայի վրա է: Անցյալը ժամանակ չէ, այլ հիշողությունների մեջ ապրող իրականություն, ներկան անցողիկ պահ է, ապագան նույնանում է ժամանակի հետ: ՈՒ դա մի տարածք է, որտեղ պիտի անես` ինչ անցյալում չես հասցրել, ներկայում չես կարողացել: Կամ` չես ցանկացել: Միով բանիվ` ժամանակը համադարման է` ով ինչ չունի, այն էլ սպասում է ժամանակից: Հայաստանում ժամանակը տարօրինակ վարքագիծ ունի, մեկ թվում է` կանգ է առել, մեկ սլանում է առանց կանգառի:
Կանգառ 1. Նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպում է քաղաքական ուժերին ու իր սահմանած «լայն շրջանակին»: Առաջին հանդիպումը ՀՀԿ-ի հետ էր: Տրամաբանորեն ՀՀԿ-ն պիտի նախ հանդիպեր, հետո թեկնածու առաջադրեր, բայց դա սովորական պարադոքս է: Նախագահի թեկնածուն հանդիպումների փակագծերը չի բացում` խոստանալով հավարտ հանդիպումների խոսել: Հանդիպումների մասնակիցները նույնպես պերճախոս չեն: Կամ` բովանդակությունն այնքան կարևոր ու պայթուցիկ է, որ չի կարելի, կամ` ասելիք չկա: Հայտնի հարցեր են` հայտնի պատասխաններով: Հայտնի եզրակացություններով` «Նախագահն ասել է, մենք էլ անելու ենք»: Կարող են, իհարկե, հնչել հայտարարություններ` «նոր որակի» մասին, բայց մի տեսակ դրայվ չկա: Երևի նոր «սիմվոլները» առանձնապես ՀՀԿ-ի սրտով չեն: Համենայն դեպս` ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը արտառոց հայտարարություն է արել: Հարցին` բանակցու՞մ են Գագիկ Ծառուկյանի դաշինքի հետ իրենց նախագահի թեկնածուի համար, նա պատասխանել է. «Բանակցությունները մենք չէ, որ պետք է վարենք, բանակցությունները պետք է վարի նախագահի թեկնածուն։ Անկեղծ, մենք որևէ նմանատիպ բանակցությունների ցանկություն չենք հայտնել՝ ոչ վարել ենք նման բանակցություններ, ոչ էլ կվարենք, նախագահի թեկնածուն ինքն է քաղաքական ուժերի հետ հանդիպման ցանկություն հայտնել»։ Անկեղծությունն ազնիվ վարքագիծ է, բայց պետք է անկեղծ լինել մինչև վերջ` ասելու` բանակցությունները մենք չպիտի վարենք, ՀՀԿ նախագահը պիտի վարի ԲՀԿ նախագահի հետ: Մենք ի՞նչ կապ ունենք: Իսկ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տալիս «Շանթին» ու միանգամից ակնհայտ դարձնում իր ու իրեն առաջադրածների աշխարհընկալման, մտածողության ու գործելակերպի տարբերությունները: Որակական տարբերությունները: Որակ, որ նրան 2022-ին կարող է վարչապետի թեկնածու դարձնել, եթե արդեն 2020-ից չկրկնի Կարեն Կարապետյանի անցած ուղին:
Կանգառ 2. ՀՀԿ-ի հետ հանդիպումից հետո, հունվարի 29-ին, Արմեն Սարգսյանը գնացել է ՀՅԴ-ի հետ հանդիպման: «ՀՅԴ-ն պատրաստ է պաշտպանել Արմեն Սարգսյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում»` հանդիպումից հետո ասել է Արմեն Ռուստամյանը: Ո՞վ էր կասկածում:
Կանգառ 3. ԱԺ կուսակցությունների հետ Արմեն Սարգսյանի ամենակարևոր հանդիպումը, գոնե ձևականորեն, պիտի լինի ԲՀԿ-ի հետ: ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի «այո»-ն ի սկզբանե հայտնի էր, ինչպես «Ելքի» «ոչ»-ը: ԲՀԿ-ն պիտի ապահովի առաջին փուլով ընտրության 14 ձայնը: Գագիկ Ծառուկյանը լռում է: Միայն ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը չի բացառել, որ իրենք Արմեն Սարգսյանի թեկնածության քվեարկության հարցում ազատ կլինեն: Դա նույնպես հայտնի էր ու տրամաբանական:
Կանգառ 4. Խորհրդարանական կառավարման անցումով` կարո՞ղ ենք համարել, որ սկսվում է Հայաստանի չորրորդ Հանրապետության ժամանակը: Ձևականորեն ու իրավականորեն` այո: Իրականում` ոչ: Եթե փաստացի խորհրդարանը խաղից դուրս է և որոշումներն ընդունվում են դարձյալ անձերի մակարդակով, գործում է Հայաստանի երրորդ Հանրապետության ժամացույցը: Ոչ ՀՀԿ-ն (Վահրամ Բաղդասարյանը` վկա), ոչ ԱԺ մյուս կուսակցությունները (բացի «Ելքից») իրենց որոշումների համար քաղաքական պատասխանատվություն չունեն` իրենք ոչինչ չեն որոշում: Եվ սա անտրամաբանական է:
Կանգառ 5. Քաղաքական օրակարգի իրադարձությունները երբեմն հետին պլան են մղում իրադարձություններ, որ այլ իրավիճակում կարող էին բուռն արձագանքներ ունենալ: Ռուսաստանում ստորագրահավաք է սկսվել Երևանում Նժդեհի արձանը հանելու պահանջով և 200000 ստորագրություն է հավաքվել։ ՌԴ Պետդումայում «Ֆաշիզմի հերոսացման և նեոնացիզմի վերածնման դեմ պայքարի, օրենսդրական ասպեկտներ» կլոր սեղանի ժամանակ լրջորեն հայտարարվել է` Հայաստանը այն երկրների թվում է, որտեղ «այսօր կան ֆաշիզմի հանցակիցների արձաններ, օրինակ, Գարեգին Նժդեհի արձանը»։ Թվում էր` հարցը փակված է: Բայց` նորից ու նորից ռուսները կառչում են Նժդեհի փեշերից: «Եթե իրենք փորձում են Նժդեհին կապել ֆաշիստների հետ, մեկ անգամ չէ, որ ասել եմ` 1933-1941-ին ողջ Խորհրդային Միության ղեկավարությունը Մոլոտովի, Ստալինի գլխավորությամբ համագործակցության ու բարեկամության պայմանագիր ուներ ֆաշիստական Գերմանիայի հետ՝ Ադոլֆ Հիտլերի գլխավորությամբ»` ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և քննարկումն անվանել «մարգինալ շրջանակների լոբբիստական գործողություններ», որ գուցե «ադրբեջանական հետք» ունեն: Գուցե, բայց դա նշանակու՞մ է, որ Մոսկվայում օրը մեկը պիտի` հարբած, կաշառված կամ այլ պատճառով հերյուրի Հայաստանին, իսկ մենք լռենք:
Կանգառ 6. ՀՀ նախագահը հունվարի 30-ին ԱԳՆ-ում Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու խնդիր է դրել` շեշտելով. «Հայաստանի ազգային անվտանգության առաջնային մարտահրավերները հիմնականում առնչվում են կամ, ավելի ճիշտ, ուղղակիորեն փոխկապակցված են մեր արտաքին միջավայրի հետ»: 2007-ից գործող ռազմավարությունը վաղուց պիտի փոխված լիներ: Համենայն դեպս` 2016-ի ապրիլից հետո: Բացի դա` Սերժ Սարգսյանը ԱԳՆ-ի արդյունավետության բարձրացման խնդիր է դրել` ասելով.
«Ներքին բարեփոխումների հաջող իրականացումը սերտորեն կապված է արտաքին քաղաքականության հետ»: Եվ առաջին անգամ Սերժ Սարգսյանը ԱԳՆ-ում նոր խնդիր ձևակերպեց. «Որքան էլ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեր արտաքին օրակարգի առաջնագծում է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը չպետք է սահմանափակվի ու պտտվի միայն այս հարցի շուրջ։ Մեր արտաքին քաղաքականության առանցքում, բնական է, որ պետք է լինեն ՀՀ ազգային շահերը, և Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային օրակարգի օրախնդիր հարցերին դրական ազդեցություն կունենա մեր տեսակետները առաջ մղելու գործում»: Հետաքրքիր է` Սերժ Սարգսյանն իբրև ապագա վարչապե՞տ էր խնդիրներ դնում: Ո՞վ է այդ խնդիրները լուծելու, եթե նա դժգոհ է ԱԳՆ-ի աշխատանքից: Փետրվարի 1-ին ևս մեկ ապացույց տրվեց, որ նախագահը վարչապետ է դառնալու` խորհրդարանական կառավարման անցումից հետո կառավարության նիստերը փակ են լինելու, վարչապետի հանձնարարությամբ կապահովվի նիստերի հրապարակայնությունը:
Կանգառ 7. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Կոնգրեսին վերջին պահին ներկայացրեց «Կրեմլի ցուցակը», որ այդքան մեծ աղմուկ էր հարուցել նախքան հրապարակվելը: Ցուցակում 210 անուն կա` նախագահի աշխատակազմը, կառավարությունը` վարչապետ Դմիտրի Մեդվեդևի գլխավորությամբ, և 96 գործարարներ: Առաջին հայացքից թվում է` վիթխարի աշխատանք է կատարվել, իրականում` գործել է copy paste-ը` պաշտոնյաների ու «Ֆորբսի» միլիարդատերերի ցանկի: Փաստը կարող է մեկնաբանվել և դիվանագիտական հարաբերությունների խզման նախաքայլ: Ցուցակվածները պատասխանատու են համարվում Պուտինի քաղաքականության համար և համարվում են պատժամիջոցների թիրախ: ԱՄՆ-ը ձեռնպահ է մնացել ՌԴ պաշտպանական ձեռնարկությունների հետ գործակցության համար պատժամիջոց սահմանելուց, որ նախատեսված էր օգոստոսի 2-ին Թրամփի ստորագրած օրենքով: Որոշակի էր պետդեպարտամենտի հայտարարությունը. «Ռուսաստանի դեմ ուղղված նոր պատժամիջոցները, դրանց սահմանման դեպքում, կանդրադառնան ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի և հետախուզական ծառայությունների գործընկերների վրա»: Պետդեպը կարող է պատժամիջոցներ սահմանել «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի 231-րդ հոդվածով` ռազմարդյունաբերական համալիրի ռուսական ձեռնարկությունների և հետախուզական ծառայությունների հետ մեծ գործարքների համար: Եթե պատժամիջոցները սահմանվեն, կվերաբերեն ռազմարդյունաբերական համալիրի ռուսական ձեռնարկությունների և հետախուզական ծառայությունների հետ մեծ գործարքների մեջ ներգրավված ոչ ռուսական կազմակերպություններին: ԱՄՆ-ը կանխավ զգուշացրել է ՌԴ-ի հետ առևտրային գործարքներ իրականացնող երկրների կառավարություններին և ընկերություններին` պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով «Կրեմլի ցանկին», ասել է՝ «Մոսկվան դեռ չի գնա պատասխան քայլերի, կսպասի և կհետևի զարգացումներին»։ Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ կայուն և նորմալ հարաբերություններ ունենալով: Այդուհանդերձ, նա հարցականի տակ է դրել Վաշինգտոնի և Մոսկվայի համագործակցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցերում և կոչ է արել՝ ուշադրություն չդարձնել ցուցակին, շարունակել՝ զարգացնել երկիրը, հիշեցնելով` «Շունը հաչում է, քարավանը գնում»: Բացի այդ՝ նա իր «վիրավորանքն» է արտահայտել, որ չկա ցուցակում: Ամենավիրավորվածը Դոնալդ Թրամփը պետք է լիներ` նրա նախագահության առաջին տարին անցավ «Ռաշագեյթի» շրջանակներում: Որքան էլ նա ցանկանում է ՌԴ-ի հետ հարաբերությունները նորմալացնել, հանրապետական մեծամասնություն ունեցող Կոնգրեսն իր Համայնքների պալատով ու Սենատով ընդունում է հակառակ որոշումներ: Այլ հարց է, թե միջազգային իրավունքի տեսակետից որքա՞ն են օրինական ԱՄՆ-ի պատժամիջոցները կոնկրետ անձանց դեմ` սահմանափակումները նրանց ազատ տեղաշարժի ու ոտնձգությունները սեփականության իրավունքի դեմ` առանց դատարանի որոշման: Մարտի 18-ին Ռուսաստանում նախագահական ընտրություններից առաջ «Կրեմլի ցուցակով», որի նպատակը քաղաքական ու բիզնես էլիտայի ընդվզումը հարուցելն է Պուտինի դեմ, ԱՄՆ-ն անուղղակի միջամտում է ՌԴ նախագահական ընտրությունների ընթացքին: Ինչու՞: Եթե Պուտինը, միևնույն է, ընտրվելու է նախագահ: ԱՄՆ-ը, թերևս, փորձում է փոխհատուցել` դուք մեր ընտրությունները կասկածի տակ դրեցիք, մենք էլ ձերը «կփչացնենք»` ինչպես կարող ենք: «Կրեմլի ցուցակում» հայեր և կան, և չկան: Չկա Պուտինի «մերձավոր» Արա Աբրահամյանը, չկա Ռուբեն Վարդանյանը: Կա Սամվել Կարապետյանը: Նշանակու՞մ է, որ ներդրումները չեն լինի: Սա հարցի մի կողմն է, մյուս կողմում` փաստն է, որ ԱՄՆ-ը ցանկացած պահի կարող է կիրառել պատժամիջոցներ ռուսական պաշտպանական, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների հետ գործակցող ընկերությունների ու երկրների դեմ: Այսինքն` Հայաստանի: Սակավ մխիթարական է, որ նաև` Ադրբեջանի: Երբ Սերժ Սարգսյանը ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման մասին էր խոսում, նաև դա՞ նկատի ուներ: Հայաստանը Ռուսաստանից զենք է գնում վարկով, նույն պայմաններով կարո՞ղ է այլ երկրներից զենք գնել (առաջարկներ եղել են Չինաստանից, Իսրայելից, Լեհաստանից): 10 տարի այլընտրանքի բացառումը ճի՞շտ էր, թե՞ սխալ: Դիվերսիֆիկացիա կլինի՞ այս հարցում, որ դառնալու է նաև Հայաստանի տարտղնված ինքնիշխանության վերականգնում: Այս կանգառում երկար կանգ առնելը վտանգավոր ու անթույլատրելի է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Հարցին, թե ի՞նչը կստիպի հրաժարվել նախագահի առաջարկից, Արմեն Սարգսյանը պատասխանել է. «Ժամանակը ցույց կտա»։ Իսկ կլինի՞ այդքան ժամանակ: